Մոպեդի վրայից վայր ընկած ու տեղում մահացածները մայր ու դուստր էին. վիրավորը՝ ընտանիքի հայրը. մանրամասներ Նորագավիթում տեղի ունեցած ողբերգական վթարից

Մոպեդի վրայից վայր ընկած ու տեղում մահացածները մայր ու դուստր էին. վիրավորը՝ ընտանիքի հայրը. մանրամասներ Նորագավիթում տեղի ունեցած ողբերգական վթարից​ SHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մարտի 24-ին Երևանում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Սևակ Մուրադյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Նորագավիթ 1-ին փողոցի 6/2 հասցեի մոտ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Մարգարյանը բացել է ավտոմեքենայի դուռը, որից հետո Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էհսան Նուրայինը իր կողմից վարած Honda մակնիշի առանց համարանիշի մոպեդով բախվել է BMW-ի դռանը և կողաշրջվել:

Կողաշրջման հետևանքով Էլ Նուրայինն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռահիլ Նուրայինն ու 3-ամյա Սելենա Նուրայինը վայր են ընկել, ինչից հետո Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Հրաչյա Ասատրյանի կողմից վարած, FAV մակնիշի ավտոբուսի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչի հետևանքով Ռ. Նուրայինն ու Ս. Նուրայինը տեղում մահացել են, իսկ Է. Նուրայինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մարտի 24-ին, ​ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ​ Նորագավիթ 1-ին փողոցում բախվել էին անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի էր ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել էին, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Արսեն Հովհաննիսյանը:

Ժամանել էին նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էր BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա, և մոպեդը ընթացքում բախվել է BMW-ին, ապա կողաշրջվել, ու այդ պահին Մասիս-Երևան երթուղու ​ ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրանց: Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է»:

http://medianews.site/418563/

Оставьте комментарий