
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին բարձրացրել է հիմնականում մայրաքաղաքում լքված և երկար ժամանակ տարբեր հատվածներում կայանված ավտոմեքենաների հարցը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ ներքին գործերի նախարարություններին:
Թորոսյանը նկատել է, որ վերջին տարիներին բազմիցս խոսվել է նմանատիպ լքված «ավտոմեքենաների» խնդրի մասին, այդ թվում՝ Կառավարության նիստերի ընթացքում, բայց մինչ օրս էլ բազմաթիվ են նման դեպքերը թե՛ Երևանի կենտրոնական փողոցներում, թե՛ շենքերի բակերում: Ըստ նրա՝ այլ համայնքներում էլ կլինեն:
«Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծումը գտնելը հնարավոր է թե՛ տեխնիկապես, թե՛ օրենսդրական առումով, ինչպես նաև օր առաջ անհրաժեշտ է: Ինչքան էլ որ լինի սեփականության անձեռնմխելիության հարց, կարծում եմ՝ մեր շատ քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է մեկի լքված սեփականությունը խաթարի այլոց բարեկեցությունը, համակեցության ընդհանուր կանոնները և մեր քաղաքների ու երկրի տեսքը»,- գրել է նա:
Պատգամավորը, որպես լուծում, մատնանշել է համայնքներում նման լքված տրանսպորտային միջոցների համար հատուկ «կայանատեղիների» առանձնացումը, որտեղ կտեղափոխվեն ավտոմեքենաները՝ մինչև ի հայտ կգան նրանց օրինական սեփականատերերը:
«Տեղափոխվելուց առաջ էլ պատշաճ ֆոտո և վիդեո նկարահանում կիրականցվի սեփականության վիճակի վերաբերյալ, և արձանագրություն կկազմվի, որպեսզի սեփականատերերը որևէ պահանջներ չունենան համայնքներից, չնայած որ այս դեպքերում համայնքները պետք է լինեն պահանջատերերը: Չի բացառվում նաև, որ տեղափոխելիս հայտնվեն իրական սեփականատերերը, ովքեր անվճար կայանատեղի էին գտել իրենց մեքենաների համար»,- նշել է նա:
Հետգրությամբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հավելել է, որ նմանատիպ մի խնդիր էլ վարձույթով տրվող ավտոմեքենաների հարցն է, որոնք օրերով կանգնում են նույն տեղերում, և քաղաքացիները չեն կարողանում օգտվել այդ հատվածներում եղած կանգառներից: Նրա համոզմամբ՝ այդ հարցը նույնպես պետք է լուծվի:
Հիշեցնենք, որ վերջերս խնդրին անդրադարձել էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ հայտնելով, որ գրավոր դիմել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ դրանք խանգարում են թե՛ մեքենաների երթևեկությանը, թե՛ հետիոտներին:
«Ինչո՞ւ պետք է խաթարվի այլոց բարեկեցությունը». Արսեն Թորոսյանը կրկին բարձրացրել է մայրաքաղաքում լքված մեքենաների հարցը