
Սա Երևանի համար տագնապային ազդանշան է․ Տարասովի ուշագրավ վերլուծությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություններով է հանդես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը չեղարկվել է․«Այս խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները այսպես ասած ռուսաֆոբ ագրեսիա են դրսևորում, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ։ Ասացին, որ մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե պատրաստ են զոհաբերել շահերը Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում կարգավորման հարցում, եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է»,-նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Լավրովն այդ մոտեցումը համարել է անպատասխանատու, սակայն նաև նշել, որ դա իրենց չի անհանգստացնի․«Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ն որոշեն դա անել, Աստված նրանց դատավոր կլինի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է, որ Հայաստանը վերջին շրջանում ջանքեր էր գործադրում Մինսկի խումբը վերակենդանացնելու ուղղությամբ և այն, որ այսօր ՌԴ արտգործնախարարը նման հայտարարությամբ է հանդես գալիս՝ Երևանի համար տագնապային ազդանշան է․ «Մենք տեսանք, որ Բրյուսելում հանդիպեցին Փաշինյանն ու Ալիևը՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Դա չէր ենթադրում հանդիպում Մինսկի խմբի շրջանակներում, այս ֆորմատն այնտեղ գոյություն չուներ։ Բայց ուզում եմ նշել, որ Հայաստանի համար այդ սցենարն այնքան էլ ձեռնտու չէ, նույնիսկ տագնապային նշան է։ Փաստորեն կարող ենք ասել, որ այս պահից սկսած գոյություն ունի բանակցային նոր ձևաչափ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Իսկ իր այդ մոտեցումը Տարասովը հիմնավորեց հետևյալ կերպ․«Հայաստանը պնդում է, որ առ այս պահը լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ահա Մինսկի խումբը ենթադրում էր այդ հարցի լուծում։ Բացի այդ ֆորմատում կհստակեցվեր նաև խաղաղապահների կարգավիճակը, որն առ այս պահը բաց է մնում և Բաքվին հնարավորություն է տալիս ապագայում նրանց ժամկետը չերկարացնել։ Հիմա այդ ամենը չեզոքանում է։ Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Բաքվին հաջողվեց չեզոքացնել իր համար անցանկալի զարգացումներն ու անցնել ուղիղ բանակցությունների»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
https://armbloginfo.ru/սա-երևանի-համար-տագնապային-ազդանշան-է/