Ուկրաինայից դուրս գալու, որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստան վերադառնալու հնարավորություն չկա

«Ուկրաինում, մոտավոր հաշվարկներով, շուրջ 400-500 հազար հայ է ապրում, Զապարոժիեի մարզում՝ մոտ 10 հազար։ Բոլոր քաղաքների, համայնքների նախագահների հետ կապի մեջ ենք՝ Մերիտոպոլ, Մերդիաս, Վասիլեվկա, Կամենկա-Դնեպրոովսկայա եւ այլն։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Զապարոժիեի մարզի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին, մասնավորապես, թե ի՞նչ վիճակում են տեղի հայերը:

Նրա խոսքով՝ Կամենկա-Դնեպրոովսկայայի շուկայի, խանութների վրա արկեր են ընկել, սակայն, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:

«Ուկրաինայի հայ համայնքի հետ կապը միշտ պահում ենք։ Իրենց հետ էլ մեր անելիքները համաձայնեցրել ենք, եթե տարհանման հարց լինի, եւ հանկարծ հեռախոսային կապն ու ինտերնետը խափանված լինեն, ապա բոլորը պիտի իմանան, որ պիտի գան Զապարոժիեի եկեղեցի, Դնեպրի եկեղեցի, որպեսզի կենտրոնացնենք մեր ջանքերն ու կարողանանք իրենց օգտակար լինել»,- ասաց հոգեւոր հովիվը:

Ըստ նրա՝ բնակչության շրջանում կա խուճապ, մարդիկ տարակուսած են. «Քիչ առաջ զրուցում էի Մարիուպոլի հայ համայնքի հետ, իրավիճակը լարված է, մարդիկ խուճապի մեջ են: Անհամեմատ ավելի լարված իրավիճակ է Դոնեցկին ավելի մոտիկ շրջաններում, այդտեղ ավելի շատ են կրակոցները։ Մարիուպոլից մեծաթիվ ընտանիքներ են եկել Զապարոժիե։ Կոնկրետ Զապարոժիեում կրակոցներ չեն լսվում, առավոտյան ասացին, որ օդանավակայանում կրակել են ռադարների վրա, նպատակը, որքանով հասկանում ենք, զինվորական կետերն են՝ զինկոմիսարիատները, զորանոցները, օդանավակայանները»,- նշեց նա:

Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանի փոխանցմամբ՝ բենզալցակայաններում, խանութներում, բանկոմատներում մեծաթիվ հերթեր են. «Յուրաքանչյուր լցակայանի մոտ 100-ից ավելի մեքենաներ են շարված, որոնք ժամերով կանգնում են, հայտնի էլ չէ՝ կհերիքի՞ բենզինը բոլորին, թե՞ ոչ»:

Հարցին՝ պահուստային կուտակումնե՞ր են անում մարդիկ, որպեսզի մնան իրենց բնակավայրերո՞ւմ, թե՞ բնակավայրը լքելու համար, հոգեւոր հովիվը պատասխանեց. «Քանի որ կրակոցներն ամենուր են, ենթադրում եմ, որ պահուստային միջոցները կուտակում են պատերազմի հանգամանքով պայմանավորված։ Բնակավայրերը լքողներ էլ կան, բայց մյուս կողմից էլ լքելու իմաստ չկա, ինչպես ասացի, կրակոցներն ամեն տեղ են, ո՞ւր գնան, որ ավելի ապահով լինի»:

Նա նաեւ նշեց, որ ունեն ռմբապաստարանների համապատասխան ցուցակներ, «Վայբեր»-ում եւ այլ սոցիալական ցանցերում ունեն խմբեր, որտեղ հրապարակում են ցուցակները, որպեսզի մարդիկ տեղեկանան եւ հնարավորինս կարողանան օգտվել այդ ապաստարաններից։ «Մենք էլ եկեղեցում փոքրիկ նկուղ ունենք, այնտեղ առավոտյան մաքրեցինք, պատրաստեցինք, որ, Աստված մի արասցե, կարիքը լինի, դա էլ ծառայի որպես ապաստարան»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկում՝ տեղի հայ բնակիչների տարհանման եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, սակայն օդային կապ չկա, ճանապարհներին էլ խցանված են, հարցին՝ այլընտրանքային տարբերակ կա՞ սահմանը հատելու եւ հարեւան երկիր անցնելու համար, հոգեւոր հովիվն ասաց. «Այս պահին Ուկրաինայից դուրս գալու որեւէ հնարավորություն չկա, որովհետեւ ցամաքային գրեթե բոլոր ճանապարհներից զորք է մտել, եթե չի մտել, ապա սահմաններին է կանգնած։ Այսինքն՝ ցամաքով երկիրը լքելու որեւէ հնար չկա։ Բացի ռազմական դրությունը, նաեւ կորոնավիրուսի պատճառով սահմանները բավական երկար ժամանակ է՝ փակ են, եւ իրավունք չունենք դուրս գալու։ Կա՛մ ՌԴ-ում բարեկամ պիտի ունենաս, կա՛մ էլ լուրջ պատճառ, որ թույլ տան անցնես Ռուսաստան, կարծեմ փակ է նաեւ Լարսը։ Այսինքն՝ ՀՀ գալու որեւէ հնար չկա»։

Հոգեւոր հովիվը հույս հայտնեց, որ հարցը հնարավորինս քիչ կորուստներով կհանգուցալուծվի՝ բանախոսների, կլոր սեղանի շուրջ նստելով։ «Պարզ ժողովուրդը որեւէ ձեւով մեղավոր չէ այս իրավիճակի համար։ Սա մեր կռիվը չէ, որ գնանք ու ռազմական գործողություններին մասնակցենք։ Այն ժամանակ, երբ ես Դոնեցկում էի հոգեւոր հովիվ, կոչս մեր հայրենակիցներին նորից հետեւյալն էր՝ եթե կռվել եք ուզում, ապա մեր սահմանները սպասում են Ձեզ, գնացեք Հայաստան կռվեք, սա մեր կռիվը չէ»,- եզրափակեց նա:

Ուկրաինայից դուրս գալու, որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստան վերադառնալու հնարավորություն չկա

Оставьте комментарий