Թալինում բացվեց ԱԹՍ-ների կրթական դպրոց

Թալինի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Արմաթն օդում» ԱԹՍ-ների կրթական աշխատանոցի հանդիսավոր բացումը

Արմաթն օդում և Արագածոտնի մարզում․ այսօր Թալինի ավագ դպրոցում հանդիսավորությամբ կայացավ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի հանդիսավոր բացումը։

Միջոցառմանը հատուկ հրավերով մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Ներկաներին ողջունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ մեր երկրի համար մեծապես կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, ԱԹՍ-ների ստեղծումն ու դրանց կատարելագործումը։ Նա նշեց, որ դեռ դպրոցից պետք է ձևավորել ինժեներական, մաթեմատիկական մտածողություն, և վստահություն հայտնեց, որ կրթական աշխատանոցները լավագույնս կծառայեն այս նպատակին։

Աշխատանոցի կարմիր ժապավենը տնօրենության առաջարկով կտրեցին աշակերտները։

Դպրոցի տնօրենն արձանագրեց՝ աշակերտները մեծ ներուժ ունեն և ՏՏ ոլորտում կայանալու իրենց առաջին քայլերը կատարել են։

«Սա մեզ համար շատ մեծ ձեռքբերում է, հատկանշական է, որ մեր աշակերտները ՏՏ ոլորտում որոշակի հաջողություններ են արձանագրել, նրանք միշտ մասնակցում են ֆորումների, մրցույթների և արժանացել են մրցանակների։ Աշխատանոցում նրանք կզարգացնեն իրենց հմտություններն ու վստահ եմ, կհասնեն նոր հաջողությունների»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրեն Աննա Կնյազյանը։

«Մենք պատրաստելու ենք ԱԹՍ-ների օդաչուներ, սպասարկողներ և ծրագրավորողներ, հետագայում այդ աշակերտները կարող են բանակում ծառայության անցել որպես ԱԹՍ-ներ ղեկավարողներ։ Աշխատանոցին կարող են անդամագրվել 14 տարեկանից բարձր, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներին լավ տիրապետող աշակերտները՝ Թալինի տարբեր համայնքներից։ Վաղվանից խմբակի պարապմունքները մեկնարկում են»,-ասաց Արմաթն օդում աշխատանոցի խմբավար Եղիշե Ամիրյանը։

Աշխատանոցին մաղթում ենք անխափան և գործունեություն։

Թալինում բացվեց ԱԹՍ-ների կրթական դպրոց

Оставьте комментарий