«Հարկավոր է արագ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով». Մարիա Զախարովա

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան ընդգծել է, որ կարևոր է հնարավորինս արագ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այդ խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:

Զախարովան հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբեր 2-ից մինչև հիմա ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին և 19-ը՝ ադրբեջանական կողմին:

«Կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը, և մենք նպաստելու ենք դրան ինչպես միջպետական մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- նշել է Զախարովան:

Ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- նշել է Զախարովան:

«2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կար կոչ Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հումանիտար, այդ թվում և՝ պատմական ու մշակութային կոթողների պահպանության հարցերում իրական առաջընթաց գրանցելու նպատակով»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Հարկավոր է արագ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով». Մարիա Զախարովա

Оставьте комментарий