Սարսուռ ապրեցի, երբ ալեխառն մորուսով մի ստամբուլահայ հեռուստաէկրանից բարբաջեց․ ժամանակն է՝ մոռանանք Եղեռնը․ Ռ․ Մաթոսյան

Կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՒՇՏ ՓՈՐՈՎ ԳՈՅԱՏԵՎՈՂ      ՍՏՐՈՒԿԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ     Սարսուռ ապրեցի, երբ օրերս Ստամբուլ- Երևան ինքնաթիռի առաջին չվերթով Երևան ժամանած, ալեխառն մորուսով, պատկառելի դեմքով մի ստամբուլահայ հեռուստաէկրանից բարբաջեց, թե. «ժամանակն է, որ մենք եղեռնը մոռանանք…», ու բարեկամանալու կոչ հնչեցրեց:     Սարսուռ ապրեցի՝ հիշելով, թե ինչպես Լուսնթագ տատս, երկու ձեռքը վեր պարզած, աղիողորոմ ձայնով անիծում էր. «Տունդ քանդվի թուրք, ինչ մերը դու քանդեցիր»:      Փոքր երեխա, անկողնուս մեջ ականջներս սրած մտածում էի էս իմ բարի, լավ տատիկը, էս ինչո՞ւ է այսպես անիծում:     Հետո մեր հարևան Խանում տատն էր գալիս, քչփչում էին ու մեկ էլ երկուսով էին ձեռքերը վեր պարզած անիծում. «Տունդ քանդվի, թուրք, ինչ մերը դու քանդեցիր»: Նրանք իրենց գլխի եկածը չէին պատմում, միայն տարիներ անց, երբ երեխայի հետաքրքրությամբ մորս խնդրեցի, որ հարցիս պատասխանի, ասաց. «Խանում տատի ամբողջ գերդաստանը 1915-ին Մուշում կոտորել են, իսկ ինքը միակ երեխայի հետ հրաշքով է փրկվել ու ոտաբոբիկ Տաճկա-Հայաստանից մեր մոտ հասել, իսկ իմ հարազատ Լուսնթագ տատի յոթ եղբորը, 1918 թվականին, Ջաջուռի ձորում, բոլոր տղամարդկանց հետ սրախողխող էին արել»:     Հիմա դու ինձ քարոզում ես, որ «Եղեռնը մոռանամ», ի՞նչը մոռանամ…      Իսկ դու գիտե՞ս, որ կուշտ փորով գոյատևող ստրուկն է անցյալը մոռանում: Նրանք հիշողությունը կորցնելով մանկուրտ են դառնում:     Ես չեմ կարող քո «լեզվով» խոսել, հասկանալ քեզ, Աստված չանի, անգամ ցանկության դեպքում…      Երկրիդ դեկավար Էրդողանը գիտե՞ս ինչու է սիրում կրկնել, որ Ստամբուլում 50 հազարից ավել հայ է ապրում: Դու նրան երբեք չես հասկանա: Չես հասկանա, որովհետև «երկնքից իջած» մատաղացու պատանդ ես նրա համար…Ցանկացած պահի ոնց ուզենա, այնպես էլ կվարվի՝ վկա Հրանտ Դինքի ճակատագիրը:     Իսկ եթե կարծում ես դարի հետ նաև Թուրքիան է փոխվել, չարաչար սխալվում ես:      1909 թվականի երիտթուրքերի հեղափոխությանը ողջունող տասնյակ հազարավոր հայեր, քո նման համիդյան ջարդերի մոռացության ու բարեկամության կոչեր էին հնչեցնում: Ասում էին սուլթան Համիդը տապալվեց․ վե՛րջ, հայն ու թուրքը ազատ ու հավասար եղբայրներ են դարձել: Դրանից ուղիղ վեց տարի անց, 1915-ին թուրքական յաթաղանը Բոսֆորի ափերն ու Դեր Զորի անապատները 1,5 միլիոն նահատակների արյամբ հեղեղեց:      Կուշտ փորով մոլորված… հայրենակից, ես ինչպե՞ս հավատամ ուղղորդված մոռացության քո հաշտության կոչը, երբ 44-օրյա պատերազմից հետո, երկրիդ ղեկավար Էրդողանն ի լուր աշխարհի հայտարարեց որ «Էնվերի հոգին փառավորվեց»: Գիտես չէ՞, որ Էնվերի…այն Էնվերի, ով մյուս երկուսի հետ հայերի բնաջնջման հրեշավոր պետական ծրագիրը մշակեցին, մի ամբողջ ժողովրդի իր բնօրրանում սրի քաշեցին, հայտարարելով. «Մի հայ պիտի թողնել, այն էլ թանգարանի համար»: Հիմա քո լոլոներին ո՞նց հավատամ…     1919 թվականի թուրքական զինվորական դատարանի հունիսի 5-ի վճռով եղերագործներին մահապատժի դատապարտեցին: Եվ ինչ… Աշխարհի «աչքերին» թոզ փչեցին և 21 դատապարտվածներից, միայն մեկի վճիռն իրականացվեց, այն էլ՝ Աթաթուրքի վրա մահափորձ կատարելու համար: Իսկ ոճրագործներին՝ այդ թվում Թալիաթ, Էնվեր, Ջեմալ եռյակին, մյուսների հետ երկրից փախցրին, ասելով՝ գնացեք Մալթաներում առոք-փառոք ապրեք:     Հիմա դու ասում ես եղեռնը մոռանանանք: Հրեաները քո չափ խելք չունեն, որ ամեն տարի մոլորակով մեկ Հոլոքոստի օր են նշում, այն էլ այն դեպքում, երբ քաղաքակիրթ Գերմանիան իր մեղքն ամբողջովին ընդունել ու քավել է, և մինչև այսօր հատուցում է… Նրանք քաջ գիտակցում են, որ Հոլոքոստի մոռացությունը՝ իր մեջ կրկնման վտանգ է պարունակում: Իսկ ժամանակակից Թուրքիան յաթաղանն իր կրտսեր եղբորն է փոխանցել, ով նույն ձեռագրով 88-ին, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հարյուր հազարավոր հայերի ջարդեց ու տեղահանեց: Հիմա քո միջոցով խաղաղասիրական ու բարեկամության ընդհանուր կոչեր է հնչեցնում: Սա արդեն վերջի սկիզբը կարող է դառնալ՝ Հայաստանի աջարացման, կամ վիլայեթ դարձնելու վերջի սկիզբը: Դու դա չես կարող հասկանալ, որովհետև դու էն գլխից, ստրուկի հոգեբանությամբ արդեն իսկ իրենց մեջ ես:     Երեկ կրկնակի ցավ ապրեցի, երբ պաշտոնատար մի անձ հայտարարեց, որ թուրքերն արդեն կադաստրով Հայաստանում օրինականացված բազմաթիվ անշարժ գույք են ձեռք բերել: Կարծում եմ, ոչ առանց, քո նմանների միջնորդությամբ ու օժանդակությամբ:     Դու այն տեսակն ես, որ ջրով լեցուն ամբարտակը կամաց-կամաց քանդելով, նույնիսկ քո կամքից անկախ, կարող է բացել ու պատառոտելով իր ճանապարհի եղած-չեղածը ավերելով կքշի, կտանի…     Դու ստրուկի հոգեբանությամբ գոյատևելու այն տեսակ ես, որի առաջն առնելն այսօր է պետք, այլապես վաղն ուշ է լինելու….»։

https://mamul.am/am/news/231692

Оставьте комментарий